Ահաբեկչության հարցերով Ֆրանսիայի դատախազությունը քննում է հանցագործություն, որը կատարվել է ուրբաթ Քոնֆլան Սենթ Օնորին քաղաքի Իվելին դեպարտամենտում: Անհայտ տղամարդը սպանվել է քաղաքում ոստիկանության կողմից այն բանից հետո, երբ գխատել է դպրոցի պատմության ուսուցչին, հաղորդում է «Կոմմերսանտ»-ը:

Ուսուցչի սպանությունն ահաբեկիչը լուսանկարել եւ տեղադրել է Թվիթերում՝ սպառնալով նախագահ Մակրոնին եւ «անհավատներին»: Հայտնի էր դարձել, որ խոսքը վերաբերում է 18-ամյա երիտասարդին, որը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին: Հրապարակման մեջ նա ինքն իրեն անվանել էր Աբդուլա, իսկ նրա օգտահաշիվը՝ Ալ Անսար @Tchetchene_270, հավանաբար, մատնանշում է նրա չեչենական ծագման մասին:

Ինչպես ենթադրում են հետաքննիչները, հանցագործը ցանկացել է պատժել 47-ամյա մանկավարժին, որ վերջինս համարձակվել էր ցույց տալ իր աշակերտներին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, որը հրապարակվել էր Charlie Hebdo պարբերականի կողմից: Դա տեղի է ունեցել դեռեւս ամսվա սկզբին եկեղեցու եւ պետության հարաբերություններին վերաբերող դասաժամի ընթացքում: Այն աշակերտներին, որոնք դրանից դժգոհ էին, ուսուցիչը թույլ էր տվել դուրս գալ դասարանից:  Բազմաթիվ ծնողներ, որոնք դավանում են իսլամ, հայտարարել էին, որ նրանց երեխաները վիրավորված են այդ օրինակով եւ բողոքել էին դպրոցի տնօրինությանը: Դպրոցի եւ ծնողների միջեւ վեճն աստիճանաբար մարել էր, սակայն, ինչպես պարզվում է, չէր լուծվել:

Տեղական ժամանակով 17:00-ին ոստիկանություն էին կանչել դպրոցի մոտ հարձակման ականատեսները եւ դեպքի վայրում բախվել էին ահաբեկչին, որը զինված էր դանակով: Նա փորձել էր փախուստի դիմել: Ի պատասխան հանձնվելու պահանջին՝ վերջինս փորձել էր հարձակվել պարեկային մեքենայի վրա եւ սպանվել էր:

Հետաքննությունը հանձնարարվել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով դատախազությանը: Անկասկած, խոսքը վերաբերում է ահաբեկչական հարձակմանը եւ մարդասպանի՝ ահաբեկչական հանցավոր խմբավորման մեջ հնարավոր մասնակցությանը: