Միջազգային քրեական դատարանի պատվիրակությունը ժամանել է Սուդան՝ քննարկելու նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի պատժի հարցը, հայտնում է BBC-ն:

Բաշիրը ՄՔԴ-ի կողմից հետախուզվում է ցեղասպանության, ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով:

Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկը հայտնել է, որ ՄՔԴ պատվիրակությունը երկրում կմնա մինչեւ հոկտեմբերի 21-ը՝ նախկին նախագահի գործի շուրջ համագործակցությունը քննարկելու համար:

Սուդանի կառավարությունը համաձայնել է, որ Ալ-Բաշիրը կանգնի Հաագայի դատարանի առջեւ:

Միեւնույն ժամանակ, Դարֆուրում ապստամբների հետ կնքված խաղաղության գործարքի համաձայն, երկրի կառավարությունը համաձայնել է ստեղծել ռազմական հանցագործությունների համար հատուկ դատարան, որը կներառի նաեւ Բաշիրին:

Խարթումում ՄՔԴ-ի թիմում ընդգրկված է նաեւ գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան:

ՄԱԿ-ի գնահատմամբ` 2003թ. Դարֆուրի ապստամբությունից հետո հակամարտության ընթացքում սպանվել է 300 000 մարդ:

ՄՔԴ-ը ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք է առաջադրել Սուդանի եւս երկու պաշտոնյաների՝ Ահմեդ Հարունին եւ Աբդելռահիմ Մուհամմեդ Հուսեյնին:

Ավելի վաղ երկրի վարչապետը Financial Times- ին տված հարցազրույցում ասել էր, որ ՄՔԴ-ի հետ քննարկել է Սուդանի «հիբրիդային դատարանում» Բաշիրի դեմ դատավարության հնարավորությունը:

76-ամյա Բաշիրը տապալվել էր անցյալ տարի բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում:

Ներկայումս Սուդանում 3 տարի ժամկետով գործում է անցումային կառավարություն, որը բաղկացած է քաղաքացիական եւ ռազմական առաջնորդներից: