Բնական է, որ դա բոլորի դուրը չէր գալու։ Մենք արել ենք մեզանից հասնող ամենը՝ ինչ-որ ձևով պետությանը օժանդակություն ցուցաբերելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությանը, թե պետք է  հրատապ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին ստեղծել։

«Մտահոգությունները ընդհանուր օպերատիվ կառավարմանը մասնագետներին, պրոֆեսիոնալներին ներգրավվելու և նրանց ունեցած ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, տեխնիկական և տեխնոլոգիական  հնարավորությունները օգտագործելու համար են, որովհետև իշխանության համակարգումից դուրս գործելու պարագայում կարող են առաջանալ խնդիրներ իշխանության  դիրքորոշման, իշխանության գործողությունների և նաև իշխանությունից դուրս գտնվող մարդկանց գործողությունների մեջ, հետևաբար աշխատանքի կորդինացիա է պետք, իսկ դրա իրականացման հնարավորությունը բոլորի հետ համագործակցված աշխատանքն է։ Դա եղել է միասնության կոչին ընդառաջ, և մենք որպես համագործակցության ֆորմատ նշել ենք այդ տարբերակը, ընդ որում՝ այդ հարցը Սահմանադրությամբ, օրենքով է կարգավորվում, այնպես որ որևէ արտառոց բան չկա»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը։ 

Ինչ վերաբերում է բարձրացված աղմուկին, ապա «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրը նշում է, որ շատ լավ հասկանում են, թե որտեղից են դրանք ուղղորդվում, ինչ նպատակ են հետապնդում և ինչպիսի արտաքին ազդակներ են ստանում։

«Միշտ էլ իրենց նպատակը միասնության դեմ դուրս գալն է, և նպատակ կա ձևավորված միասնությունը թիրախավորելը, չէ՞ որ սա ընդամենը օգնության ձեռք էր իշխանությանը, ոչ ավելին»,- նկատեց Արթուր Ղազինյանը։

Արտախորհրդարանական ուժերի համատեղ հայտարարությանն անդրադարձել է նաև հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Արթուր Ղազինյանն այդ հայտարարությունը «ի գիտություն է ընդունում»։

«Դա իր ոճի, բնույթի, տեսակի մեջ էր, հայտարարությունն ընդունում ենք ի գիտություն և գնում ենք առաջ»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրը, ապա հավելեց, որ աբսուրդ է, երբ ասվում է՝ եկեք միասնական աշխատենք, լայնամասշտաբ պատերազմ է, և իրենք էլ համաձայնում են, իսկ արձագանքն այսպիսին է լինում։

«էդ դեպքում անմիջապես ասում են՝ դուք իշխանությանը սպառնում եք, ախր մարդ պետք է խելք ունենա, որ հասկանա՝ էսօր իշխանության համար կռիվ անելն ուղղակի խելագարություն է, չկա նման բան, և դեռ պետք է շատ խնդրել մարդկանց, որպեսզի նրանք համաձայնեն իշխանություն վերցնել, դա էդպես հեշտ չի, որովհետև այս պահին ոչ մեկ չի ցանկանա այս ամբողջ իրավիճակի համար պատասխանատվություն վերցնել»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը։

Հարցին, եթե իշխանությունները չընդունեն իրենց պահանջները, ինչպե՞ս կգնահատեք, Արթուր Ղազինյանն արձագանքեց․

«Մենք դա կքննարկենք այդ նույն կազմով,  և միասնական դիրքորոշում կարտահայտենք։ Դա կլինի իշխանության դիրքորոշումը, և հետագայում իշխանությունը դրա համար կկրի ամբողջական պատասխանատվություն»։

Թե ի՞նչ հարցեր պետք է քննարկվեն կառավարման այդ շտաբում, Արթուր Ղազինյանը նշում է, որ մանրամասները պետք է քննարկվեն իշխանության հետ, որովհետև իրավիճակի առաջնային պատասխանատուն իշխանությունն է։

«Սա ընդամենը օժանդակ ռեսուրս է, որ մենք փորձում ենք այս դժվար պահին  օգտակար լինել պետությանը, հետևաբար իշխանությունների հետ պետք է քննարկել դետալները։ Բնականաբար, շտաբում ներառված մարդիկ պետք  է մանդատ ունենան՝ խոսելու պետության անունից և հանդես գալու աշխարհաքաղաքական սուբյեկտների, ինչպես նաև խոշոր սպառողների՝ սկսած սպառազինության մատակարարումից մինչև շատ ավելի անվտանգային կարևոր հարցեր։ Առանց իշխանության մասնակցության և համաձայնության, դա ուղղակի  հնարավոր չէ, հետևաբար պահանջն ուղղվել է իշխանությանը»,- եզրափակեց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրը։