Անցյալ ուրբաթ Սիրիայից ավելի քան հազար զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի` Սիրիայից զինյալների եւս մի խումբ է պատրաստվում տեղափոխման:

«Անցյալ ուրբաթ ավելի քան 1000 զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ կռվելու, եւ առաջիկա օրերին նախապատրաստվում է եւս մի խմբի տեղափոխումը»,- ասել է գործակալության աղբյուրը:

Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սիրիայից զինյալներ են տեղափոխվում Ղարաբաղ, եւ Թուրքիան Ղարաբաղում ահաբեկիչների է օգտագործում Սիրիայից եւ այլ երկրներից:

Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւս հայտնել էր, որ, տեղեկատվության համաձայն, Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են հակամարտության գոտի, ընդ որում, խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին: