Ադրբեջանը եւ Հայաստանը Եվրոպայի խորհրդի առջեւ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն ունեն: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների ինստիտուտում (ՄԳԻՄՕ), հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են: Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջեւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն են վերցրել: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- ասել է նա: «Այս տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարեւոր եւ իրավական պարտավորություն է»:

Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ այս հակամարտության համատեքստում վիճահարույց տարածքներում բարձրացվում է մարդու իրավունքների ապահովման ավելի լայն հարցը: «Անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ապավինեն մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նույն չափանիշներին, ինչին Եվրոպայի ցանկացած բնակիչ: Ազգային իշխանությունները պարտաոր են ապահովել դա: Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անկաշկանդ մուտք ունենա այս տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը եւ տրամադրել համարժեք օգնություն»:

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունների եւ տարածքային վեճերի լուծումը իր կազմակերպության իրավասությունների մեջ չի մտնում: Սակայն նա ընդգծել է, որ այս պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից է համարում վիճահարույց տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը: