Մեկ ժամ առաջ հրավեր ենք ստացել կառավարությունից եւ մեր կուսակցությունը որոշում է կայացրել, որ երկրորդ հանդիպմանը եւս ՀՀԿ-ն պետք է մասնակցի: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի ներկայացուիչների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե արդյոք իշխանությունները համաձայն են 16 կուսակցությունների առաջարկին՝ ռազմաքաղաքական շտաբ ձեւավորելու վերաբերյալ, Շարմազանովն ասաց. «Կլսեմ պարոն վարչապետին, հետո արդեն փակ հանդիպում է, մեր կարծիքները կփոխանակենք»:

Դիտարկմանը, որ այդ առաջարկը հակասահմանադրական են համարում, նա ասաց, որ հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ. «Մեղադրողները կամ ուշադիր չեն ընթերցել տեքստը, կամ էլ միգուցե ունեն այլ նպատակներ: Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է ու վարչապետը եւ մենք այլ կողմերից  պատռասխաներ չենք էլ ակնկալում»:

Շարմազանովը նաեւ նկատեց, որ սա փակ հանդիպում է եւ կա ջենթլմենական պայմանավորվածություն, որ դրա մանրամասները չեն ներկայացնում. Բոլորիս խնդիրը Արցախն է, մեր ժողովրդի անվտանգությունն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ։ Հանդիպմանը մասնակցում են այն նույն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են նաեւ առաջին հանդիպմանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարության շենքում տեղի էր ունեցել հանդիպում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել էին «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և այլոք։

Հոկտեմբերի 11-ին էլ վարչապետն Ազգային ժողովում հանդիպել էր ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ։