«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը արձագանքել է ղարաբաղյան հակամարտության գոտուց New York Times-ի թղթակցությանը՝ նամակ ուղարկելով թերթի խմբագրություն:

«Լեռնային Ղարաբաղում հայերի վրա հարձակումների սրման վերաբերյալ ձեր հոդվածը սարսափով համակեց ինձ:

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները եւ Ստեփանակերտում քաղաքացիական անձանց շարունակական ռմբակոծությունները վկայում են այն մասին, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվում է իրական սպառնալիքի: Անկախ նրանից, արդյոք Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը բռնությունը ճնշելու համար կմիջամտեն, ամբողջ աշխարհում խոցելի մարդկանց համար հետեւանքներ կան: Երբ համաշխարհային տերությունները միջամտում են, որպեսզի դադարեցնեն կատարվող դաժանությունները, դա ազդանշան է ուղարկում ագրեսորներին, որ անընդունելի է հողերի բռնակցումը կամ մարդկանց եւ մշակույթի ոչնչացումը:

Հիտլերը, ներկայացնելով զանգվածային ոչնչացման իր ծրագիրը, մտածում էր այն մասին, որ պատմությունը մոռանում է նման վայրագությունների մասին: Անդրադառնալով օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությանը՝ նա, ինչպես հայտնի է, հարց է տվել. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Մոտ 30 տարի Հայաստանը գոյություն է ունեցել որպես նոր անկախ հանրապետություն, եւ ամբողջ աշխարհում հայ ներգաղթյալները, նրանց թվում՝ ես, տասնամյակներ եւ զգալի ռեսուրսներ են ծախսել սոցիալական, տնտեսական եւ հումանիտար զարգացմանը նպաստելու համար, որպեսզի օգնեն Հայաստանին վերածնվել եւ բարգավաճել: Աղքատ երկրում, որն արդեն ծնկի է եկել համավարակի պատճառով, առաջընթացն անշեղորեն դանդաղում է:

Կմիջամտի՞ արդյոք Ամերիկան, որպեսզի կանխի նման վայրագությունը»,- նշել է նա: