Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կհանի Սուդանին ահաբեկչության հովանավորների իր ցուցակից, հենց որ Խարթումը 335 միլիոն դոլար փոխհատուցում տրամադրի ամերիկացի զոհերի եւ նրանց ընտանիքների համար, հայտնում է Reuters-ը։

Սուդանը որպես ահաբեկչության հովանավոր-պետություն ճանաչելը կապված է նրա տապալված կառավարիչ Օմար ալ-Բաշիրի հետ: ԱՄՆ կառավարության աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ի եւ Սուդանի միջեւ բանակցությունները կենտրոնացել են այն միջոցների վրա, որոնք Վաշինգտոնը ցանկանում է, որ Խարթումը փոխանցի որպես 1998թ. Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների վրա «Ալ-Քաիդա»-ի հարձակումների զոհերի համար՝ որպես փոխհատուցում:

«Հիանալի նորություն: Սուդանի նոր կառավարությունը, որը մեծ հաջողություններ է գրանցում, համաձայնել է 335 միլիոն դոլար վճարել ահաբեկչության զոհ դարձած ամերիկացիներին եւ նրանց ընտանիքներին»,- գրել է Թրամփը Twitter-ում: «Փոխհատուցումից հետո ես Սուդանին կհանեմ ահաբեկչության պետական հովանավորների ցուցակից»:

Սուդանի կառավարության աղբյուրը հայտնել է, որ Խարթումը պատրաստ է փոխհատուցում վճարել ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պայթյունից տուժածներին:

Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի րոպե անց Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդոկը Twitter-ում գրել է. «Շատ շնորհակալ եմ նախագահ Թրամփին: Մենք անհամբեր սպասում ենք ձեր պաշտոնական ծանուցմանը Կոնգրեսին, որ Սուդանը հանվել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից, ինչը շատ թանկ է նստել Սուդանի վրա»:

Բանակցությունների հիմնական խոչընդոտը Սուդանի պահանջն էր, որ Խարթումը ցուցակից հանելը կապված չլինի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հետ: Սուդանի քաղաքական եւ ռազմական պաշտոնյաների միջեւ տարաձայնություններ կան այն հարցում, թե որքան հեռու եւ որքան արագ պետք է գնալ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման հարցում: