ԵՄ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասացինք, որ Ադրբեջանը Արցախը համարում է միայն տարածք առանց հայ բնակչության, իսկ սա ցեղասպանության առաջին ցուցնիչներից մեկն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպումից հետո նշեց Երեւանում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ով նոր էր դուրս եկել հանդիպումից:

«Այսինքն 150 հազար հայ բնակչության իրավունք ոտնահարելով փորձում են առաջնային դարձնել տարածքային ամբողջականության հարցը: Դեսպանը նշեց, որ այս բոլոր ռազմական հանցագործությունները, դրանք ապացուցող փաստերը ֆիքսվում են, նշեց, որ դա բավականին երկար պրոցես է եւ միջազգային կառույցները, գերտերությունները մշակում են այդ փաստահավաք խումբը, որ Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային քրեական դատարանում պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրեն»,-ասաց նա:

Իր հերթին Անահիտ Բախշյանը, ով նույնպես մասնակցել էր դեսպան Վիկտորինի հետ հանդիպմանը, ասաց. «Ես հարցրեցի՝ ո՞նց եք այդ երկու սկզբունքները պատկերացնում: Ասաց՝ այ էդտեղ է պրոբլեմը: Ես էլ ասացի՝ այդ պրոբլեմը գրել եք, բերել փաթաթել մեր գլխին, բա մենք ինչ անենք»: