«Գունավոր հեղափոխությունների» ամերիկյան մասնագետների խումբը պատրաստվում է նախագահական ընտրություններին ընդառաջ մեկնել Մոլդովա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԱՄՆ Պետդեպարտամենտը Քիշնեւում իր դեսպանատանը հանձնարարել է նախօրոք ընդդիմությանը տրամադրել բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը՝ նրա [Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնի] վերընտրվելու դեպքում` քվեարկության արդյունքները չեղարկելու պահանջով»,- ասել է Նարիշկինը, ում հայտարարությունը երեքշաբթի օրը տարածել է ԱՀԾ մամուլի բյուրոն:

Նա նաեւ հայտնել է, թե տեղեկություններ կան «հասկանալի նպատակներով գունավոր հեղափոխությունների» ամերիկացի մասնագետների մի խումբ Մոլդովա ուղարկելու նախապատրաստման մասին:

Բացի այդ, Նարիշկինն ասել է, որ ԱՄՆ-ի հետ կապված մոլդովական հասարակական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները կեղծ լուրեր են տարածում ապագա ընտրակեղծիքների մասին, իսկ ամերիկացի դիվանագետները բանակցում են անվտանգության ուժերի հետ: «Ամերիկացիների հետ կապված ՀԿ-ները եւ լրատվամիջոցներն արդեն ֆեյքեր են նետում տեղեկատվական տարածք ընտրակեղծիքների դիմելու իշխանությունների ծրագրերի մասին: ԱՄՆ դեսպանության դիվանագետները փորձում են համոզել Մոլդովայի անվտանգության աշխատակիցներին չխանգարել փողոցային հնարավոր բողոքներին եւ անմիջապես անցնել «ժողովրդի կողմը»,- ասել է նա:

Նախագահական ընտրությունները Մոլդովայում նշանակված են այս տարվա նոյեմբերի 1-ին: ԿԸՀ-ն գրանցել է ութ թեկնածուների:

Վերջին անգամ Մոլդովայում պետության ղեկավար ընտրել են 2016-ի վերջին: Այն ժամանակ ընտրություններում հաղթեց Սոցիալիստների կուսակցության թեկնածու Իգոր Դոդոնը: Նրա մրցակիցը «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն էր: