Կառավարությունն այսօր` մայիսի 26-ին որոշում է ընդունել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Ռոբերտ Զեբելյանին եւ Մարկոս Պիզելիին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից (այս տարի լրանում է նրանց 27 տարին):

Նշենք, որ Ռուսաստանի քաղաքացի Ռ. Զեբելյանը եւ Բրազիլիայի քաղաքացի Մ. Պիզելին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն են ստացել հատուկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու նպատակով:

Զեբելյանն իսկապես մի քանի տարի առաջ հանդես է եկել հավաքականում, իսկ Պիզելին հիմա էլ է հանդես գալիս: Հատկանշական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշված խաղացողներին ներկայացրել է որպես հավաքականի առաջատար խաղացողներ, այնինչ Զեբելյանը Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական ոչ մի խաղում հավաքական չի հրավիրվել, թեեւ ասում են` հիմա լավ մարզավիճակում է, եւ Մինսկի «Դինամոյի» կազմում լավ խաղ է ցուցադրում:  Ուստի բացառված չէ, որ Զեբելյանին տեսնենք Ռուսաստան-Հայաստան հանդիպման ժամանակ:

Ի դեպ` ֆուտբոլի ֆեդերացիայի նամակում (ստորագրված Ռուբեն Հայրապետյանի կողմից) ուղղակի նշված է, որ Զեբելյանին առաջիկայում կտեսնենք հավաքականի կազմում: