Այն տեխնոլոգիաները, որոնք կիրառում են գերտերությունները, այսօր կիրառվում են Արցախում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այս պատերազմում ուժերն ու միջոցները շատ են. «Կիրառվում են թուրքական, իսրայելական ամենաառաջադեմ տեխնոլոգիաները։ Այն տեխնոլոգիան, որը կիրառում են գերտերությունները, այսօր կիրառվում է Արցախում։ Ամենավերջին ԱԹՍ-ներն են, ամենավերջին գերճշգրիտ հրթիռները, ամենավերջին հրթիռահրետանային համակարգերը. այսինքն՝ մենք տեսնում ենք 5-րդ սերնդի պատերազմ»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը մեծ ուշադրություն է դարձրել բարձր տեխնոլոգիական միջոցներին. «Բայց դա միայն ինքնին հաղթանակ չի ապահովելու։ Երբեք չես կարողանալու միայն ճշգրիտ ու կետային հարվածներով վերջնական արդյունքի հասնել»։

Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային բոլոր փորձագետները խոստովանում են՝ դասական ճեղքում հակառակորդի մոտ չստացվեց. «Հզոր հարձակողական բռունցքներ էին, որոնք կազմված էին 10 հազարից ավելի մեծ զորախմբերից, որի մեջ մի քանի հազար հատուկ գրոհային ստորաբաժանումներ կային, ամեն մի բռունցքի մեջ կար հարյուրից ավելի տանկ, նույնքան էլ այլ զրահատեխնիկա, կար 200-300 հրետանային միջոց՝ մեծ տրամաչափի։ Այդ բռունցքները դասական ամրաշինական կառույցներով հագեցած պաշտպանական բնագիծը չկարողացան հաղթահարել։ 5-ից 7 օր փորձեցին ճեղքել ու տեսան, որ չի ստացվում, փոխեցին ու ամբողջ ուժերը 3-4 հատվածներից հավաքեցին եւ տարան մեկ հատված՝ հարավ, որպեսզի հետ մղեն, ճզմեն։ Պատկերացնո՞ւմ եք իրենց այդ տեխնոլոգիական առավելությունը, պլյուս՝ քանակական, ճեղքման տեղամասերում մինչեւ 12–անգամյա առավելություն. ռազմի պատմությունը նման բաներ գրեթե չգիտի, որ 12 անգամ մեծ ուժը 7-8-րդ օրը օպերացիայի երկրորդ փուլ է իրականացնում, ուժերի գերլարումով փորձում է։ Միջինը օրական մաքսիմում 1-2 կիլոմետր են առաջ եկել։ Ռազմագիտության տեսանկյունից դա խայտառակություն է»։

Նա ընդգծեց, որ սա ծանր պատերազմ է. «Այսպիսի ծավալ վերջին անգամ իմ հիշողության մեջ 2003 թվականի Իրաքի գրավումն է եղել՝ ամերիկյան բանակի կողմից»։