Ադրբեջանի զինված ուժերը, դիվերսիոն, ոչ մեծ խմբեր հաճախ ներթափանցում են մերձճակատային բնակավայրեր, այնտեղ լուսանկարում եւ նկարահանում են, լուրեր տարածում այն մասին, որ դրանք իբր գտնվում են իրենց վերահսկողության տակ: Այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սա առաջին հերթին նախատեսված է ներքին լսարանի համար, բայց շատ հաճախ, ցավոք, դա ազդում է նաեւ հայկականի վրա: «Իրավիճակը կայուն է եւ վերահսկելի: Որոշակի կուտակումները կամ դիվերսիոն գործողությունները չեն նշանակում որոշակի զորքերի առաջխաղացում կամ հաջողություն»,- հավելեց Հովհաննիսյանը:

Նա կոչ արեց չհավատալ եւ չտարածել թշնամու ապատեղեկատվությունը: «Այս մարտավարությունը վերցված է ահաբեկչական խմբավորումներից եւ ուղղված է հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրելուն, ուստի խնդրում ենք ձեզ չտրվել այս սադրանքներին»,- եզրափակեց ՊՆ ներկայացուցիչը: