Այս օրենսդրական նախաձեռնությամբ երկրում ռազմական դրության ընթացքում կկարգավորեն հարկային արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ապրանքներ ներկրողների համար: Այս մասին հոկտեմբերի 21-ին «Ռազմական դրության պայմաններում հարկային արտոնությունների սահմանման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Բացի այդ, ռազմական դրության ընթացքում կկարգավորվեն նաեւ անվճար հիմքով երկիր մատակարարվող ապրանքների մակնշման հետ կապված հարաբերությունները:

Այսպիսով, կազմակերպությունների եւ անհատների կողմից մարդասիրական եւ ռազմական նպատակներով երկիր ներմուծվով մի շարք ապրանքների հարկային պարտավորությունները հնարավորինս կպարզեցվեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտությունը լուծելու խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռահրետանային զենքի եւ ավիացիայի կիրառմամբ հարձակման անցան շփման գծի ամբողջ երկայնքով` թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ-ի մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը: