Չինաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ տեղյակ չէ Չինաստանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված բանկային հաշվի մասին տեղեկատվությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ Թրամփի հարկային հաշվետվությունները ցույց են տալիս, որ օտարերկրյա երեք երկրներից մեկը, որտեղ ԱՄՆ նախագահը բանկային հաշիվ ունի, Չինաստանն է: Ըստ պարբերականի` չինական հաշիվը վերահսկվում է Trump International Hotels ընկերության կողմից, որը 2013-ից 2015 թվականներին ավելի քան 188.000 ԱՄՆ դոլարի հարկ է վճարել:

«Ես տեղյակ չեմ այս տեղեկատվությունից: Մենք դեմ ենք, որպեսզի ցանկացած մեկը Չինաստանն օգտագործի ԱՄՆ նախագահական մրցավազքում»,- ասել է Չժաո Լիցզյանը:

Ըստ New York Times-ի` Trump Organization-ի փաստաբանը հայտարարել է, որ ընկերությունը հաշիվ է բացել չինական բանկում` Չինաստանում բիզնեսի վարման հետ կապված տեղական հարկերը վճարելու համար: Ըստ նրա` հաշիվը բացվել է այն բանից հետո, երբ ընկերությունն իր ներկայացուցչությունն է բացել Չինաստանում` ուսումնասիրելու հյուրանոցային բիզնեսի հետ կապված ներուժն Ասիայում: Չնայած նրան, որ հաշիվը բաց է մնացել, այն երբեք որեւէ նպատակի համար  չի օգտագործվել, ասել է փաստաբանը: