Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների եւ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության եւ կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։

Բարձր գնահատելով Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի եւ իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետեւանքով։

Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ եւ հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը: