Թիրախավորված հարձակման արդյունքում վանդալները Բեռլինի ամենահայտնի թանգարաններից մեկում ավելի քան 70 արվեստի գործ եւ արտեֆակտ են վնասել:

Բեռլինի Մուզեումս կղզու երեք թանգարաններում նկարների, քարե քանդակների եւ սարկոֆագների վրա «յուղանման հեղուկ» են լցրել` տեսանելի լաքաներ թողնելով: Այս մասին AFP-ին հայտնել են Բեռլինի ոստիկանությունից:

Գերմանական լրատվամիջոցները տեղի ունեցածը «հետպատերազմյան Գերմանիայի պատմության մեջ արվեստի եւ արտեֆակտների դեմ ուղղված ամենամեծ հարձակումներից մեկն» են անվանել:

«Բեռլինի ոստիկանության քրեական հետաքննության վարչությունը հետաքննություն է սկսել ցուցադրված արվեստի գործերի եւ արտեֆակտների գույքային վնասների փաստի առթիվ»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Մարտին Դամսը:

Ըստ Դամսի` ոստիկանությունը կարծում է, որ վանդալիզմը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին` Գերմանիայի Միասնության օրը, Պերգամոնի թանգարանի, Նոր թանգարանի եւ Հին ազգային պատկերասրահի աշխատանքային ժամերին:

Նա չի հայտնել, թե ինչու ոչ թանգարանները, ոչ էլ ոստիկանությունն ավելի վաղ չէին հաղորդել հարձակման մասին, որի մասին առաջին անգամ հայտնի է դարձել նախորդ օրը` ուշ երեկոյան: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են:

Սակայն Die Zeit-ը եւ Deutschlandfunk հեռուստաընկերությունը հայտնել են, որ ակտիվիստ Ատիլա Հիլդմանը, ով դեմ է կորոնավիրուսը զսպելու կառավարության միջոցներին, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին դավադրության տեսություններ էր տարածում Մուզեումս կղզու վերաբերյալ:

Հիլդմանը Telegram-ի միջոցով հայտարարել էր, որ համավարակի պատճառով փակված Պերգամոնի թանգարանը զբաղեցնում է «սատանայի գահը»: Ըստ նրա` այս հաստատությունը «սատանիստների» կենտրոն է, որտեղ «գիշերը մարդիկ են զոհաբերվում եւ տանջում են երեխաներին»:

Բեռլինի Մուզեումս կղզում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում է, բազմաթիվ արժեքավոր իրեր կան, այդ թվում` Նեֆերտիտիի լեգենդար կիսանդրին եւ Իշտարի դարպասները: