Եվրոպայի ամենամեծ ռազմական տերություններից մեկը՝ Ֆրանսիան, կհասնի ՀՆԱ-ի 2%-ի չափով ՆԱՏՕ-ի ծախսերի նպատակին, սակայն անդամ պետությունների մեծ մասը դեռ հետ է մնում այդ նպատակից:

Ըստ ՆԱՏՕ-ի գնահատականների՝ Ֆրանսիան 2020թ․ պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2.1%-ը` հասնելով 2014թ. գագաթաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդների կողմից դրված նպատակին, հայտնում է Reuters-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ 2020թ․ կդառնա եվրոպական դաշնակիցների եւ Կանադայի կողմից պաշտպանական ծախսերը 4.3%-ով ավելացնելու անընդմեջ վեցերորդ տարին: «Մենք ակնկալում ենք, որ այս միտումը կպահպանվի»,- ասել է նա լրագրողներին:

Այն դեպքում, երբ Ֆրանսիային միացել է Նորվեգիան, առաջին անգամ հասնելով 2%-ի, չնայած կորոնավիրուսի ճգնաժամին, որը խափանել է տնտեսությունները, 30 դաշնակիցներից միայն 10-ը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, կհասնեն այս տարվա նպատակին, ասվում է ՆԱՏՕ-ի զեկույցում:

Դիվանագետների, պաշտոնատար անձանց եւ փորձագետների խոսքերով՝ պաշտպանական ծախսերի հարցը, հավանաբար, խնդիր կմնա ԱՄՆ-ի համար, ով էլ հաղթի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում:

Պաշտպանության վրա ավելի շատ ծախսեր անելու Եվրոպայի դժկամությունը, չնայած այն բանին, որ մի քանի երկրներ ամերիկյան զորքեր են տեղակայում Եվրոպայում, Դոնալդ Թրամփի լուրջ դժգոհությունն է առաջացրել, նա բացահայտ կասկածի տակ է առել ՆԱՏՕ-ի անփոփոխ արժեքը Վաշինգտոնի համար:

Եվրոպացի դաշնակիցները հույս ունեն, որ նոյեմբերի 3-ի ընտրություններում դեմոկրատների թեկնածու, Վաշինգտոնի ավանդական դաշինքների վճռական կողմնակից Ջո Բայդենի հաղթանակը կվերականգնի վստահությունը:

Միայն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ֆրանսիան, Նորվեգիան եւ Ռումինիան 2020-ին պաշտպանության վրա կծախսեն ՀՆԱ-ի 2%-ը կամ ավելին, թեեւ Թուրքիան, Բուլղարիան եւ Խորվաթիան մոտ են դրան:

Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան, պարտավորվել է մինչեւ 2031թ․ հասնել պաշտպանական ծախսերի ՆԱՏՕ-ի նպատակին: