Մի խումբ ամերիկահայ բժիշկներ, որոնք ամիսներ առաջ հումանիտար օգնություն էին ուղարկել Ստեփանակերտի ծննդատան համար, այժմ այդ օգնությունը տեսակավորում են Երեւանում, որպեսզի մի մասն ուղարկեն Արցախ, իսկ մյուսը մնա Երեւանում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ կառավարությունը։

«Մենք մեր ազգին պետք է ծառայենք, մենք էլ ենք զինվորներ, ինչ որ իրենց կպատահի, թող մեզ էլպատահի»,- ասում է «Ջեվի Ջեյս» բժշկական կենտրոնի ղեկավար Րաֆֆի Սարգսյանը։

Պատերազմի հետեւանքով վիրավոր զինծառայողներին ու սպաներին օգնություն են ցուցաբերում ոչ միայն տեղացի ու սփյուռքահայ բժիշկները, այլեւ արտասահմանցի բուժաշխատողները, ովքեր իրենց հետ բերել են խորը այրվածքով վերքերի համար իսլանդական տրանսպլանտներ։

«Կարեւոր է, որ ձկան մաշկից տրանսպլանտները ճիշտ կիրառվեն, դրանք նորություն են աշխարհում։ Մենք ոչ թե պարզապես վիրահատություններ ենք արել այս ընթացքում, այլ հայ բժիշկներին վերապատրաստել ենք, որպեսզի հետագայում էլ կարողանան աշխատել այդ նյութերով»,- ասում է իսլանդացի բժիշկ Հիլմար Կյարտանսոնը։

Ռազմական գործողությունների իրավիճակներում բազմաթիվ կյանքեր փրկած անգլիացի Սթիֆեն Ջեֆրին արձանագրում է, որ այս պատերազմում վնասվածքների մեծ մասը հրթիռակոծության հետեւանք է, ինչի բուժման համար երկար ժամանակ եւ մեծ ռեսուրսներ է պահանջվում։

Արտասահմանցի մասնագետների այցը՝ Հայաստան, կազմակերպել է ԱԺ-ի Հայաստան- Իսլանդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։ Բժիշկները կարճ ժամանակով էին այստեղ, բայց հասցրել են 5 վիրահատություն անել։