Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ է ուղարկել ԱՄՆ Պետքարտուղարություն՝ կոչ անելով կասեցնել Թուրքիային այն բաղադրիչների վաճառքը, որոնք ներառված են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում:

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնականին ուղարկած նամակում նշվում է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ քանակությամբ տեղակայված են Ադրբեջանում, օգտագործվել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում խաղաղ բնակիչների վրա հարձակվելու եւ սպանելու համար:

«Ակնհայտ է, որ Թուրքիան, ի պատասխան զենքի արտահանման լիցենզիայի տրամադրումը դադարեցնելու մասին 2020թ. հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշման` կապված Ադրբեջանի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական հարձակման հետ, փորձում է շրջանցել այդ արգելքը` խնդրելով ԱՄՆ-ին արագացնել իր Bayraktar TB2-ի բաղադրիչները վաճառելու թույլտվությունը:

Թուրքիայի հայցերը պետք է մերժվեն, եւ ԱՄՆ-ը պետք է լիովին արգելի ամերիկյան ցանկացած ռազմական կամ երկակի նշանակության սարքավորումների վաճառքը կամ փոխանցումը Անկարային, քանի դեռ նա զինում կամ այլ կերպ աջակցում է ադրբեջանական հարձակումներին:

Բացի այդ, Պետդեպարտամենտը պետք է անհապաղ հետաքննի Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի հնարավոր խախտումները եւ ԱՄՆ օրենսդրության այլ խախտումներ՝ կապված չարտոնված երրորդ կողմին վաճառքի հետ»,- ասվում է նամակում: