Եվրամիությունը պատրաստել է ԱՀԿ բարեփոխումների նախագիծը, որը ենթադրում է անդամ երկրների հետ համագործակցության մեխանիզմի թափանցիկության մեծացում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նախագծի փաստաթղթին:

Փաստաթղթի տեքստը կազմվել է Գերմանիայի կառավարության կողմից ԵՄ այլ անդամ երկրների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո: Դրանում պարունակվում է «ԱՀԿ ֆինանսավորման, կառավարման եւ իրավաբանական լիազորությունների հետ կապված թերությունները վերացնելու հարցով ծրագիր»:

Միջոցների փաթեթը ենթադրում է, որ ԱՀԿ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որոնք թույլ կտան մեծացնել անդամ երկրների կողմից բժշկական-սանիտարական կանոնների պահպանման մեխանիզմի թափանցիկությունը:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն ճանաչում է ճգնաժամների դեմ պայքարի հարցում ԱՀԿ-ի առանցքային դերը՝ չնայած կազմակերպության առկա թերություններին: Այլ խնդիրների թվում նշվում է կազմակերպության կայուն ֆինանսավորման բացակայությունն ու աշխատանքի ոչ բավարար թափանցիկությունը:

Գործակալությունը նշում է, որ նախագծի քննարկումը կկայանա հաջորդ շաբաթ տեսահամաժողովի ձեւաչափով:

Գերմանիայի կառավարությունը հրաժարվում է մեկնաբանել փաստաթղթի պարունակությունը՝ հղում անելով այն փաստին, որ վերջնական տարբերակը դեռ չի ներկայացվել: Գործակալությունը մեկնաբանություն չի ստացել նաեւ ԱՀԿ-ից: