Մոտ 400 մարդ հավաքվել էր Փարիզի V շրջանի Սորբոնի համալսարանի բակում, որտեղ Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ տեղի ունեցավ ուրբաթ օրն ահաբեկչի կողմից սպանված դպրոցի ուսուցիչ Սամուել Պատիի հետ հրաժեշտի արարողությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Առաջատար քաղաքական գործիչներից բացի ուսուցչի հրաժեշտի արարողությանը հրավիրվել էր շուրջ 100 ուսուցիչ եւ դպրոցական: Բոլոր ներկաները բժշկական դիմակներով էին: Արարողությունը գլխավորում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, եւ, ի տարբերություն ներկաների մեծ մասից, նա սեւ դիմակ էր կրել:

«Մենք երբեք չենք մոռանա Սամուել Պատիին, ով աշխարհիկ ուսուցման գաղափարների մարմնացում էր: Մենք կշարունակենք ազատության եւ բանականության համար այս պայքարը, որը դուք այժմ մարմնավորում եք,- ասել է նա` դիմելով հանգուցյալին: - Քանի որ մենք պարտական ​​ենք Ձեզ: Քանի որ Ֆրանսիայում ուսուցիչը, լուսավորչության լույսը երբեք չեն մարելու»:

Երկրի ղեկավարը հիշեցրել է Պատիի արժանիքները եւ շեշտել, որ ուսուցիչը մինչեւ վերջ նվիրված էր իր աշխատանքին եւ իր աշակերտներին սովորեցնում էր լինել իսկական քաղաքացիներ, ովքեր դավանում են Ֆրանսիայի արժեքները: «Յուրաքանչյուր դպրոցում, քոլեջում եւ ճեմարանում մենք երեխաներին Հանրապետության քաղաքացիներ դարձնելու հնարավորություն կտանք  ուսուցիչներին: Մենք կպաշտպանենք նրանց ինչպես դպրոցի ներսում, այնպես էլ` դրանից դուրս: Մենք պաշտպանելու ենք այն ազատությունը, որը դուք այդքան լավ եք դասավանդում, եւ բարձր ենք պահելու աշխարհիկ կրթության նշաձողը, չենք հրաժարվելու ծաղրանկարներից եւ նկարներից»,- շեշտել է նա: