Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի վիճակը լավանում է, Երեւանից Մոսկվա տեղափոխվելու համար հակացուցումներ չկան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կոտենոկը դեռ չի կարող տեղափոխվել Մոսկվա: Նա անհրաժեշտ է համարել տեղում ավարտին հասցնել բոլոր բժշկական եւ վերականգնողական պրոցեդուրաները:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ երկու անգամ հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի հետեւանքով վիրավորվել եւ մարմնական վնասվածքներ են ստացել ռուս լրագրողներ Յուրի Կոտենոկը, Լեւոն Արզանովը եւ նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բադալյանը, որոնք ժամանել էին դեպքի վայր օրվա առաջին կեսին նույն այդ եկեղեցու հրետակոծության հետեւանքները լուսաբանելու համար: Արզանովը եւ Բադալյանն ավելի ուշ տեղափոխվել էին Ռուսաստան, Կոտենոկի բուժումը շարունակվել էր Երեւանում: Հոկտեմբերի 10-ին հաղորդվել էր, որ լրագրողը դուրս է եկել կոմայից եւ անջատվել է արհեստական շնչառության սարքից ու սկսել խոսել: