Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի ռիսկը չի վերացել: Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Իմ հիշողության մեջ իրավիճակը նկատելիորեն շիկացել է մի քանի անգամ: Հարցն այն է, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը սպառազինություն եւ ծանր հրետանի ունեն: Եվ միայն դրանց առկայությունը կարող է վտանգավոր էսկալացիայի հանգեցնել, քանի որ հակամարտությունը դուրս է գալիս ԼՂ տարածքից: Եվ հակամարտության ընդլայնումը կարող է հանգեցնել նրան, որ հակամարտության մեջ կարող են ներքաշվել այլ երկրներ, օրինակ՝ Թուրքիա, Ռուսաստան եւ նույնիսկ Իրան: Իրադարձությունների նման զարգացումը իրական եւ շատ մեծ վտանգ է»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր համար անակնկալ էր ներկայիս էսկալացիան:

Հարցին, թե ինչու էսկալացիան հիմա սկսվեց, դիվանագետը նշել է, որ «դժվար է ասել, չնայած դրան՝ որոշ սադրանքներ եղել են»: «Կարծում եմ՝ կողմերն արդեն վաղուց հիասթափվել են: Հակամարտության գոտին փոշու տակառ է հիշեցնում: Բաից այ,դ հակամարտող կողմերը ֆիզիկապես մոտ են միմյանց, եւ ցանկացած ռազմական գործողություն կարող է սկսվել փոքր առիթից: Կողմերի մոտ լինելն ու սպառազինությունների որակը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում»,-նշել է նա:

Հարցին, թե ինչպես են շփվել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, երբ նա համանախագահ էր, Ուորլիքն ասել է. «Մի մոռացեք, որ ես աշխատել եմ Մինսկի խմբում մի քանի տարի առաջ: Այդ պահից ի վեր Հայաստանում իշխանություն է փոխվել, եւ հանդիպումների ժամանակ մթնոլորտն ու դինամիկան եւս կարող էին փոխվել: Ի դեպ, ինձ զարմացնում էր այն, որ եւ՛ նախագահ Ալիեւը, եւ՛ այն ժամանակվա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միմյանց հետ նորմալ էին շփվում: Ես կարծում էի, որ դա դրական պահ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների շուրջ: Եվ դա նվազագույնն է, ինչը պահանջվում է այսօր՝ անձնական խոսակցություն Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ»: