«Զինուժ մեդիան» ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել։

Չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով փակել են Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կորուստների մասին տվյալները, սպանվածների թիվն այնքան մեծ է, որ պայքարել այդ տեղեկատվության դեմ՝ այլեւս անհնար է դառնում։

Ըստ ռեպորտաժի՝ համացանցում տարբեր հարթակներ են բացվում, որտեղ անհատ օգտատերերը փորձում են տեղեկատվություն հայթայթել այդ կորուստների մասին եւ դրանք հրապարակայնացնել։ Ընդ որում, ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է՝ ադրբեջանական բանակն այս պահին կարող է մինչեւ 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների քանակը շատ ավելի մեծ է։

Ըստ «Զինուժ մեդիայի»՝ այդպիսի հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական բանակի սպանված զինվորականների մեջ բավականին մեծ թիվ են կազմում օդաչուները։ Նրանք առնվազն մի քանի տասնյակ են, ինչն ապացուցում է հայկական կողմի պնդումները՝ դրբեջանական օդուժի, մասնավորապես, մարտական ինքնաթիռների պարբերական եւ հաջող խոցումների մասին։

Ահռելի քանակ են կազմում նաեւ հատուկ ստորաբաժանումների սպանված մարտիկների լուսանկարները։ Սա նույնպես օրինաչափ է, քանի որ հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակ ղեկավարությունն առաջին գիծ է մղում հիմնականում այդ ստորաբաժանումներին, այն պարզ պատճառով, որ սովորական հետեւակի կարողություններին, ըստ ամենայնի, այնքան էլ չի վստահում։

Մեծ քանակ են կազմում նաեւ հրամանատարները։ Հաշվի առնելով որ Արցախի ՊԲ-ի գործողությունների արդյունքում ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, մեծ թվով հրամանատարների առկայությունն առավել քան սպասելի է։

Նման հարթակների առկայությունը եւ դրանց արագ տարածումը հենց իրենց՝ ադրբեջանցի օգտատերերի շրջանում վկայում է, որ ադրբեջանական հանրության մոտ մեծ դժգոհություն է հասունանում՝ կապված բանակի ահռելի կորուստների եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու հետ։

Ըստ ռեպորտաժի՝ հատկանշական է, որ զոհվածների ոչ պաշտոնական ֆոտոշարքում հայտնվում են նրանք, ովքեր օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում՝ իբր գրավված տարածքներից իրենց ողջույն ուղարկելով միապետին։

Սա էլ զուգորդվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անմարդկային քաղաքականության հետ։ Այդ երկիրը որեւէ կերպ չի փորձում մարտադաշտից դուրս բերել իր սպանվածներին, ինչը մյուս կողմից տրամաբանական է. ահռելի կորուստները, դրանց մեջ թուրքական զինվորականների եւ սիրիացի ու լիբիացի վարձկանների առկայությունը թաքցնելու լավագույն տարբերակը դա՝ չկա դիակ, չկա խնդիր։