Ռուսաստանը եւ Իրանը կենսականորեն շահագրգռված են, որ իրենց հարեւանները թշնամանքի մեջ չլինեն, եւ որ նրանց միջեւ ծագող խնդիրները լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ` միջազգային իրավունքի հիման վրա:

Այս մասին հոկտեմբերի 22-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի գոտում սրման թեման բախումների վերսկսումից հետո բազմիցս քննարկվել է Իրանի ղեկավարության հետ: «Մենք արձանագրում ենք կողմերի դիրքորոշումների համընկնումը իրավիճակի կարգավորման առանցքային կետերի վերաբերյալ: Դրանք են հրադադարի այլընտրանք չունենալը եւ բանակցային գործընթացի սկիզբը։

Գիտենք, որ Թեհրանում բարձր են գնահատում Ռուսաստանի ամենօրյա ջանքերը: Իրանի հավասարակշռված դիրքը նույնպես կարեւոր է հակամարտության կողմերի համար: Համոզված ենք, որ դա կօգնի գիտակցել, որ թշնամանքը եւ արյունահեղությունը շարունակելն անհեռանկարային է»,- ընդգծել է Զախարովան: