Լեռնային Ղարաբաղում ռուսական զինված ուժերի կիրառում չի ծրագրվում, նման դիրքորոշումը համաձայնեցված է ՌԴ ՊՆ-ի հետ, հակամարտության կարգավորման համար ձեռնարկվող միջոցները բավարար են: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «ՆՍՆ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի բացառում դեսանտային գործողությունը որպես ԼՂ-ում իրավիճակին Ռուսաստանի արձագանքի մի տարբերակ:

«Զատուլինը լիազորված չէր վերոնշյալ մեկնաբանությունն անելու համար, դա որեւէ առնչություն չունի ՌԴ Պետդումայի եւ պաշտպանության հարցով հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշմանը: ԼՂ հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում այժմ չի ծրագրվում: Նշված դիրքորոշումը համաձայնեցված է ՌԴ պաշտպանության նախարարության հետ»,-ասել է Կրասովը:

Նա պարզաբանել է, որ Պետդումայի պաշտոնական դիրքորոշումը կարող է հայտնել միայն Պետդումայի նախագահը կամ նրա հանձնարարմամբ նրա տեղակալները կամ էլ պրոֆիլային հանձնաժողովը:

Կրասովը նաեւ հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները տվյալ հակամարտությունը կարգավորելու, ռազմական գործողությունները դադարեցնելու եւ իրավիճակը խաղաղ բանակցային գործընթացին վերադարձնելու ուղղությամբ:

«Բոլոր այս միջոցները բավարար են դրական արդյունքի հասնելու համար»,- ընդգծել է խորհրդարանականը: «Ներկայում Ռուսաստանի ղեկավարության կողմից համապարփակ միջոցներ են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերների հետ, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը: Մասնավորապես, քննարկվել են հրատապ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ դրա կայուն կարգավորման պայմանների ստեղծման հետ: Այս կապակցությամբ դեսանտ իջեցնելու տեսքով Ռուսաստանի արձագանքման հնարավոր տարբերակի մասին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մեկնաբանությունը չի համապատասխանում գործերի իրական վիճակին»,- ասել է Կրասովը: