Պատերազմ է. Հայաստանը, Սփյուռքը, Արցախը մեկ մարդու պես միասնական են եւ նպատակը հաղթելն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԱԾ մեկուսարանից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա ասաց, որ ԱԱԾ մեկուսարանից զբաղվել է արցախցիներին տեղավորելու, նյութական աջակցություն կազմակերպելու հարցերով. «Ինչ-որ պետք է, մարդկանց տեղավորելով, օգնելով, աջակցելով, գումարային փոխանցումներ անելով, Արցախի նախագահի հետ կապի մեջ են մտել, արել են։ Ես այս երկրում ապրում եմ, իմ երեխաներն ապրում են։ Մարդը պիտի ձեռագիր թողի, անուն թողի»։

Ծառուկյանը նշեց, որ պետք է ամեն մեկն իր մասով քայլեր ձեռնարկի, որ բոլորի նպատակն իրականանա. «Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու, թող ոչ մեկը չկասկածի, որ միշտ արել եմ, անում եմ, անելու եմ»։

Հարցին՝ արդյոք ինքն այս ընթացքում մի կողմ դնելո՞ւ է քաղաքական հակասությունները՝ ԲՀԿ առաջնորդն ասաց. «Այսօր հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը, դրանից հետո նոր մենք մեր տեսակետը կհայտնենք»։

Անդրադառնալով 16 կուսակցությունների՝ օպերատիվ շտաբ ստեղծելու մասին հայտարարությանը, Ծառուկյանը նշեց. «Ես դա չեմ ընդունում։ Այսօր, միանշանակ, բոլորն իրենց մասնակցությունը պետք է ունենան, օգտագործեն իրենց հնարավորությունը։ Բայց այսօր ինչ-որ պատասխանատվություն վերցնելն անընդունելի է ինձ համար»։

Հարցին՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամավորական ջոկատ կազմելո՞ւ է՝ Ծառուկյանն ասաց. «Դրանում կասկածո՞ւմ եք, իհարկե, կազմակերպելու ենք, հանձնարարելու ենք, մարդկանց նախապատրաստելու ենք։ Այսօր մեր ազգի խնդիրն է, մեր ճակատագրի որոշումն է։ Մենք միշտ գործում ենք, մենք չենք խոսում»։

Նշենք, որ ԱԱԾ շենքի դիմաց Ծառուկյանին դիմավորելու էին եկել նրա համակիրները եւ ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ։

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը բավարարել էր։

Նա ազատ է արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորված էր սեպտեմբերի 25-ից։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):