Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ: «Ռուսաստանում բնակվում է ավելի քան 2 մլն հայ եւ մոտ 2 մլն ադրբեջանցի, որոնք ժամանել են ՌԴ ոչ միայն ժամանակավոր աշխատանքի, այլ նաեւ մշտական բնակության նպատակով: Այդ պատճառով մեզ համար եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, եւ մեզ համար մեծ ողբերգություն է, երբ մարդիկ են զոհվում»,-ասել է նա:

«Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ»,-նշել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ կան տարրեր, որոնք առանձնացնում են հարաբերություններն այլ գործընկերների հետ. «Հայաստանի դեպքում դա քրիստոնեությունն է, սակայն մենք սերտ կապեր ունենք Ադրբեջանի հետ՝ այլ ուղղություններով: Ինչ վերաբերում է կրոնական բաղադրիչին, ապա ՌԴ բնակչության գրեթե 15 տոկոսն իսլամ է դավանում: Եվ նույնիսկ այդ առումով Ադրբեջանը մեզ համար օտար երկիր չէ: Սակայն մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը»:  

Նա նշել է, որ այդ հակամարտությունը սկսվել է ոչ թե պարզապես որպես միջպետական կոնֆլիկտ եւ պայքար տարածքի համար, այլ սկսվել է էթնիկ հակամարտությունից. «Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ: Եվ այդ ամենը պետք է հաշվի առնել: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ նման իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսված է, չի կարող հավերժ շարունակվել…»:

Պուտինն ընդգծել է, որ երկար տարիներ շարունակ Ռուսաստանն առաջարկել է այդ խնդրի կարգավորման տարբեր տարբերակներ: «Դա լարված աշխատանք էր, ինչ-որ պահի թվում էր, թե քիչ է մնացել առաջընթացի հասնելու համար: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Եվ այսօր մենք ունենք հակամարտություն իր վատագույն տարբերակով: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են զոհվում: Երկու կողմերն էլ շատ կորուստներ ունեն: Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի: Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվել է 13 000 մարդ, իսկ այստեղ կարճ ժամանակահատվածում՝ արդեն 5000: Իսկ որքան վիրավորներ կան, որքան են մարդ է տուժում, որքան երեխա: Այդ պատճառով սա մեզ համար հատուկ վիճակ է»,-ասել է Պուտինը:

«Այո, ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբ: Վստահ եմ, որ բոլոր մասնակիցները 100 տոկոսով շահագրգռված են խնդրի կարգավորմամբ, սակայն ոչ ոք այդքան շահագրգռված չէ, որքան Ռուսաստանը: Այդ պատճառով մենք զբաղեցնում ենք դիրքորոշում, որը թույլ կտար վստահություն ձեռք բերել երկու կողմերի մոտ եւ էական դեր խաղալ որպես միջնորդ: Ես մշտական շփման մեջ եմ եւ՛ Ալիեւի, եւ՛ Փաշինյանի հետ, օրական մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունենում…Մեր արտաքին գործերի, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները մշտական շփման մեջ են: Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները: Հուսով եմ՝ մեր ամերիկացի գործընկերները կօգնեն մեզ կարգավորման հարցում: Լավագույնի հույսով»,-հավելել է ՌԴ նախագահը: