Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երկու քաղաքացիների եւ մեկ կազմակերպության դեմ, որոնք կասկածվում են 2015 թվականին Բունդեսթագի վրա կիբեռհարձակման մեջ: Այդ մասին է վկայում Եվրամիության պաշտոնական տեղեկագրում հրապարակված փաստաթուղթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Խոսքը «ԳՀՎ-ի հատուկ գործողությունների 85-րդ գլխավոր կենտրոնի», ինչպես նաեւ Դմիտրի Բադինի եւ Իգոր Կոստյուկովի մասին է, որոնց ԵՄ-ում համարում են այս կենտրոնի աշխատակիցներ: Եվրոպայից հետո նմանատիպ միջոցառումների մասին Մեծ Բրիտանիան է հայտարարել։

Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, 2015-ին Բունդեսթագի վրա հարձակման ժամանակ հաքերները պատճենել են երկու փոստարկղեր, որոնք պարունակել են Անգելա Մերկելի գրասենյակի 2012-2015 թվականների նամակագրությունը: Ինքը՝ Մերկելը, ելույթ ունենալով Բունդեսթագում, կիբեռհարձակումը անվանել էր տհաճ՝ Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Մայիսի վերջին Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաեւը հաքերային հարձակման գործով կանչվել էր Գերմանիայի ԱԳՆ: Դիվանագետին տեղեկացրել էին, որ Բրյուսելում դաշնային կառավարությունը Եվրամիության կիբեռպատժամիջոցներ է մտցնելու այս «հարձակման» համար պատասխանատու անձանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի Դմիտրի Բադինի նկատմամբ․ նա, ըստ գերատեսչության, 2015թ., լինելով ԳՀՎ աշխատակից, ART28 խմբի կազմում մասնակցել է կոտրելուն: ...

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Բեռլինը այս հարձակմանը Ռուսաստանի մասնակցության ապացույցներ չի ներկայացրել:

ԵՄ կիբեռպատժամիջոցների ռեժիմն ուժի մեջ է մտել 2019-ի մայիսից: Նախատեսվող սահմանափակող միջոցները կարող են ներառել ակտիվների սառեցում, ինչպես նաեւ ԵՄ երկրներ ուղեւորությունների արգելք: Պատժամիջոցները սահմանվում են բոլոր անդամ-երկրների միաձայն հաստատումից հետո: