Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչ է պատմում ադրբեջանցի ռազմագերին։

Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի եւ ասել, որ Թուրքիայից են:

«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձեւից եւ զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տեւեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, եւ առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- պատմել է ադրբեջանցի ռազմագերին:

Էմին Բաշխալին Զահիր Օղլուն ասել է, որ իր առողջական վիճակը նորմալ է, բժիշկները վերքը մշակում են եւ նոր վիրակապ են դնում: