Ռուսաստանը երբեք չի չարաշահել լարվածությունը պետությունների միջեւ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի ու Ֆրանսիայի հակասությունների մասին:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ներքին վեճերին, Թուրքիայի եւ Ֆրանսիայի վեճերին, մենք երբեք չենք չարաշահել այլ պետությունների միջեւ ծագած լարվածությունը: Մենք ունենք կայուն, լավ, ես չէի ասի, մինչ այժմ լիարժեք, բայց դեռ լավ հեռանկարներ ունեցող, ամեն դեպքում, Ֆրանսիայի հետ հարաբերությունների լավ պատմություն: Մենք Թուրքիայի հետ համագործակցության աճող ծավալ ունենք, Թուրքիան ընդհանրապես մեր հարեւանն է»,- ասել է նա «Վալդայ» բանավիճային ակումբում:

Պուտինը նշել է, որ Թուրքիան եւ Ֆրանսիան այնպիսի պետություններ են, որոնք ունակ են կարգավորել իրենց հարաբերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինը հայտնել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ օսմանյան ժառանգության նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքի մասին, խորհուրդ է տվել հարցնել թուրքական առաջնորդին: «Ես չգիտեմ, թե ինչ է պլանավորում նախագահ Էրդողանը, ինչպես է նա վերաբերում օսմանյան ժառանգությանը: Դուք դա նրան հարցրեք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով վարողի ակնարկին փորձագետների այն կարծիքի վերաբերյալ, թե Էրդողանը իրականում իր ազդեցության գոտին մինչեւ նախկին Օսմանյան կայսրության սահմաններ ընդլայնելու քաղաքականություն է վարում: Վարողը նաեւ հստակեցրել է, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը չպե՞տք է զգուշանա Անկարայի հետ որոշ տարաձայնություններից, եթե Թուրքիան այդպիսի հետեւողական քայլեր ցուցաբերի: «Ռուսաստանը ոչնչից չի զգուշանում, այսօր, փառք Աստծո, մենք այն վիճակում չենք, որ ինչ-որ բանից վախենանք»,- ասել է Պուտինը: