Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30 անդամներ կներկայացնեն բանաձեւ, որը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման կոչ է անում՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Բանաձեւում նաեւ դատապարտվում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակվող հարձակումները, Ադրբեջանին ռազմական օգնության կրճատման, ԵԱՀԿ-ի միջնորդությամբ շարունակվող խաղաղ բանակցություններին Արցախի ուղիղ մասնակցության կոչ է պարունակվում, ինչպես նաեւ ավելի լայն իմաստով կոչ ԱՄՆ-ի եւ Արցախի Հանրապետության միջեւ ուղեւորությունների ու հաղորդակցության սահմանափակումների թուլացման մասին։

Բանաձեւը ներկայացվելու է ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ին, որը համընկնում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումներին։

«Ներկայացուցիչների պալատի համար չափազանց կարեւոր է Արցախին եւ նրա ժողովրդի անկախության ձգտմանը աջակցության վճռական ազդակ ուղարկել՝ հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ պետքարտուղար Պոմպեոյի միջեւ կարեւոր հանդիպումների նախօրեին,- ասել է Փալոնեն։ - Միջազգային հանրությունը չափից ավելի երկար ենթարկվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշմանը՝ անտեսելով նրանց մշտական վերամբարձ հռետորաբանությունը, երկար տարիներ շարունակ ռազմական հզորության աղաղակող մեծացումը։ Քանի որ այս արյունահեղ հակամարտությունը շարունակվում է, կարծում ենք ժամանակն է միջազգային ասպարեզում վերջապես ճանաչելու Արցախի անկախության օրինական պահանջը եւ պաշտոնապես ճանաչելու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

«Այս բանաձեւն արտացոլում է Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակը եւ այս դժվար ժամանակում Արցախի ժողովրդին Կոնգրեսի աջակցության ցուցադրման կարեւոր քայլ է։ Միացյալ Նահանգները պետք է հանձնառու լինի Արցախում շարունակվող ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը։ Մենք ընթացքում պետք է նաեւ համարձակ քայլեր ձեռնարկենք Ադրբեջանին եւ Թուրքիային իրենց ագրեսիայի պատճառով պատասխանատվության ենթարկելու եւ մշտական լուծում մշակելու համար, որը կլուծի Արցախի կարգավիճակը եւ անվտանգության հարցերը։ Այս բանաձեւի ներկայացումը մեզ կօգնի այդ ճանապարհին»,- նշել է նա։