Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին կամ տարածքներում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Իրանական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ին հայտնել էին, որ անօդաչու սարքը Իրանի սահմանամերձ տարածք է ղարաբաղյան հակամարտության գոտուց: Դրանից առաջ Իրանի արտգործնախարարությունում հայտարարել էին, որ Ղարաբաղում մարտերի պատճառով սահմանամերձ տարածաշրջանի տների վրա ութ արկ է ընկել:

«Ակտիվությունը մեր երկրի սահմանամերձ շրջաններում լրջորեն եւ ուշադրությամբ վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, եւ այդ կապակցությամբ, անընդունելի հայտարարելով տարածաշրջանում հակամարտող կողմերից որեւէ մեկի ագրեսիան մեր երկրի տարածքի ուղղությամբ, լրջորեն նախազգուշացնում ենք նրանց անհրաժեշտ նախազգուշական միջոցների մասին»,- ասել է  Ջալալին:

Դեսպանը շեշտել է, որ Իրանը «սերտ եւ լուրջ կապի մեջ է բոլոր կողմերի հետ»: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին եւ իր տարածքում: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մենք երկու կողմերին էլ հայտարարել ենք, որ յուրաքանչյուր ոք, ով չի հետեւում այս սկզբունքին, ամբողջությամբ մերժվելու է»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով` Իրանն ինքնաբավության եւ նույնիսկ արտահանման հնարավորությունների է հասել պաշտպանական որոշ ոլորտներում: «Եվ եթե մենք անհրաժեշտություն զգանք, ապա անպայման միջոցներ կձեռնարկվեն»,- եզրափակել է դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը: