Արցախում կանանց գերեվարումը ցույց է տալիս հայերի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության դեմքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանի գերեվարման փաստը:

Դավիթ Բաբայանը նշեց, որ քաղաքացիական անձանց, կանանց գերեվարումը, որոնք մարտական գործողությունների մասնակից չեն, ցույց է տալիս Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Նրա «մեղքն» այն էր, որ նա հայուհի է:

«Անմեղ կնոջ գերեվարումը, գերեվարված հայերի սպանություններն ու խոշտանգումները, զոհված զինվորների մարմինների նկատմամբ անարգանքը ցույց են տալիս հայերի նկատմամբ վերաբերմունքը: Ադրբեջանն այդպիսի «սխրանքներով» փորձում է վախեցնել հայերին: Այդպիսով նրանք ցույց են տալիս՝ ձեզ հետ նույնը տեղի կունենա, երբ նման հնարավորություն ունենանք: Նման հնարավորություն նրանք չեն ունենա»,-ասաց Դավիթ Բաբայանը: