Ֆրանսիայի Ստրասբուրք քաղաքում տեղի հայերը բողոքի բազմամարդ ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի մոտ:

Ակցիան սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ընկած հերոսների, որին հաջորդեցին ծափահարություններ այս պահին առաջնագծում կանգնած տղաների պատվին:

Ակցիայի մասնակիցները, որոնց թիվը անցնում էր հազարից, վանկարկել են «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ», «Հայաստան»,  «Արցախ», նաեւ ֆրանսերենով կոչեր են հնչեցրել:

Պաստառների վրա գրված էին. «Ձեր լռությունը հանցագործություն է», «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ճանարեք Արցախը» եւ մի պաստառ Նիկոլ Փաշինյանի նկարով եւ «Դուխով» գրառումով:

Ակցիայի մասնակիցներց մեկն ասաց, որ ՄԻԵԴ-ը պետք է պաշտպանի նաեւ Արցախում ապրող մարդկանց իրավունքները. «Մենք խնդրում ենք դադարեցնել արյունալի պատերազմը, որ ընթանում է Արցախում: Ավերվել են քաղաքներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ: Եթե շարունակեն անտարբեր լինել, այսօր այստեղ ենք, վաղը օդանավակայաններն ենք փակելու: Եվրոպան կանգ է առնելու, էկոնոմիկային ենք կպնելու, եթե մեզ չլսեն: Մեր ուզածը խաղաղություն է, իսկ դրա համար պետք է մի բան, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը»: