«Սիրելի’ հայրենակիցներ, կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերներ.

Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի եւ Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու եւ թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:

Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու եւ Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար մենք չափազանց թանկ գին ենք վճարում:

Ես անասելի ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի ու կամավորականի թափած արյան ամեն մի կաթիլի համար: Ցավակցություններս ու խոնարհումս մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հայորդիների ընտանիքներին ու հարազատներին: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:

Թեպետ պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել եւ այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը:

Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել կուսակցության կողմից ձեւավորվող ջոկատին:

Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը եւ իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել:

Մենք կորցնելու եւ որեւէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում եւ դա անբեկանելի ճշմարտություն է:

Աստված պահապա՛ն Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին, հայ զինվորին եւ հայոց անպարտ բանակին…

Հ.Գ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին գործընթացը կազմակերպելու համար»:

«Սիրելի’ հայրենակիցներ, կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերներ. Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել...

Опубликовано Gagik Tsarukyan Пятница, 23 октября 2020 г.