Մեր տղաների տրամադրությունը բարձր է, բոլորն էլ գիտեն, որ մենք հաղթելու ենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը։

Նա ասաց, որ այսօր է վերադարձել Արցախից եւ վաղն առավոտյան կրկին մեկնելու է ռազմաճակատ։

«Դիմում եմ մեր հայրենակիցներին, որ խուճապի չմատնվեն, այստեղ տարբեր մարդիկ տարբեր լուրեր են տարածում, կարծես՝ հատուկ մարդկանց խուճապի մեջ գցելու համար։ Սիրելի հայրենակիցներ, մի վհատվեք, մենք կանգնած ենք ամուր մեր լեռների պես, իսկ նրանք կոռնան ու կկորչեն շակալների պես։ Երբ հայրենիքը վտանգի մեջ է, ապա բնավ կարեւոր չէ՝ կինն է պաշտպանո՞ւմ, թե՞ տղամարդը»,- ասաց նա։

Աիդա Սերոբյանի խոսքով՝ այս պատերազմը 90-ականների պատերազմը չէ. «Այսօր արդեն վճռվում է ոչ թե Արցախի հարցը, այլ հայ լինել չլինելու հարցը։ Դիմում եմ մեր հայրենակիցներին՝ ով ի վիճակի է զենք վերցնելու, անկախ տարիքից եւ սեռից, պատրավոր է յուրաքանչյուրը գալ, վերցնել զենքն ու պահել իր հայրենիքը։ Մենք Արցախում այդքան երիտասարդ արյուն ենք հեղել, մենք չենք կարող թողնել, որ այդ երեխաների նահատակվելն իզուր անցնի, չէ՞ որ նրանց այդ հողի համար պայքարում էին։ Մենք ինչպե՞ս ենք Եռաբլուր գնալու, ի՞նչ պատասխան ենք տալու»։

Գնդապետ Սերոբյանը նշեց, որ այս հարցը պետք է լուծվի միայն ուժի միջոցով. «Քանի որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի գալիս բանակցությունների, անգամ իր ստորագրած հրադադարը ընդամենը 4 րոպե տեւեց։ Ես գտնում եմ, որ այս հարցը պետք է լուծվի միայն ուժի միջոցով։ Իսկ հայը երբ համախմբվում է, անգամ սիրիացի վարձկաններն են զենքը գցում ու փախչում»։