Իրանցի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանային պաշտպանությունը` Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ադրբեջանի եւ Հայաստանի բախումների եւ միջազգային իրավունքի եւ բարիդրացիության սկզբունքների չպահպանման արդյունքում... Իրանի զինված ուժերը, ամրապնդելով իրենց պաշտպանական սահմանները, հայտարարում են, որ երկրի սահմանային շրջանների եւ այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է»,- նշվում է բարձրաստիճան զինվորականի հայտարարության մեջ:
Այս կապակցությամբ նա մատնանշել է ղարաբաղյան հակամարտության գոտուց արկերի ընկնելն Իրանի տարածք` կողմերին խորհուրդ տալով «չանցնել Իրանի կարմիր գիծը» եւ խնդիրները լուծել երկխոսության միջոցով: Հակառակ դեպքում, նշել է բրիգադային գեներալը, Իրանը չի հանդուրժի, իսկ հակամարտության կողմերը, անկասկած, կզղջան:

Իրանի հյուսիսարեւմտյան տարածքներ, որոնք սահմանակից են Հայաստանին եւ Ադրբեջանին, պարբերաբար արկեր են ընկնում ղարաբաղյան հակամարտության գոտուց: Տեղական իշխանությունների կողմից հաղորդված վերջին դեպքերից մեկը տեղի էր ունեցել հոկտեմբերի 21-ին: Այդ ժամանակ, ինչպես նշում է IRNA գործակալությունը, ընդամենը մեկ օրում Իրանի տարածք 71 հրթիռ է ընկել: