Թուրքիան մտադիր է շարունակել փորձարկել Ռուսաստանից ձեռք բերած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը եւ հաշվի չի առնի այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը։ Այս մասին ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«[Ս-400-ի] փորձարկումների մասին տեղեկությունը ճիշտ է։ ԱՄՆ մոտեցումը մեզ չի վերաբերում, մենք նրանց չենք հարցնելու։ Հունաստանն ունի Ս-300, ԱՄՆ-ն այս թեմայով Հունաստանին հարցնո՞ւմ է արդյոք։ Ո՛չ։ Ս-400-ի փորձարկումները շարունակվելու են, եւ մենք վստահաբար կգնանք մեր ճանապարհով»,- շեշտել է Էրդողանը։

Թուրքիան հոկտեմբերի 16-ին երկրի հյուսիսում Սեւ ծովի ափին Սինոպ քաղաքից ոչ հեռու անցկացրել է Ս-400 ԶՀՀ-ի փորձարկումներ։ Դրանից հետո Վաշինգտոնը հույս է հայտնել, որ Անկարան ռուսական համակարգերը չի մտցնի սպառազինության մեջ։ Հակառակ դեպքում, ինչպես հավելել են ԱՄՆ Պետքարտուղարությունից, նրան անվտանգության ոլորտում լուրջ հետեւանքներ կսպասեն։