NEWS.am-ի խմբագրություն է դիմել Երևանի բնակիչ  Սիրանուշ Հարությունյանը, ով ահազանգում է, որ Covid-19-ի ախտորոշումից մահացած սկեսուրի՝ Մարիամ Գևորգյանի դին չկա։

«Գնում ենք մորգ, սկեսրայրս մտնում է, 10, 20, 30 րոպե անցնում է՝ սկեսրայրս չկա ու չկա, բոլոր դռները փակ են, չենք կարողանում ներս մտնել, խառնվում ենք իրար, զանգում ենք՝ չի պատասխանում։ Մի պահ նկատեցի, որ բաց պատուհան կա, գնում եմ ու լսում, որ սկեսրայրս ասում է՝ «Գևորգյան Մարիամ Հովհաննեսի, բայց սա մեր հարազատի դին չի»»,- պատմեց Սիրանուշը։ 

Ըստ նրա՝ դեռևս սեպտեմբերի 12-ին, սկեսուրի սիրտը վատացել է, տարել են «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոն, որտեղ ասվել է, որ անհապաղ սրտի վիրահատություն պիտի կատարավի։

«Վիրահատությունը նորմալ կատարվել է, ռեանիմացիայում մնացել է, վիճակը կարգավորվել է ու տեղափոխել են պալատ։ Ամեն օր ասում էին՝ էսօր դուրս կգրենք, վաղը դուրս կգրենք, մի օր ասին՝ արյունը ջրիկ է, ասացինք՝ կարգավորեք, ինչ ասել են՝ արել ենք։ Համավարակով պայմանավորված սահմանափակումներ կային, միայն սկեսրայրս է խնամել իրեն, մենք շփում չենք ունեցել։ Գնալով մեր մայրիկի վիճակը վատացել է, շնչառական խնդիր է ունեցել, թոքերում ջուր հավաքվել, ու մոտ 40 օր դուրս չէին գրում հիվանդանոցից»,- ասաց Սիրանուշը։

Երբ տիկին Մարիամի վիճակը կտրուկ վատացել է, ըստ նրա հարսի՝ ռենտգեն ու KT հետազոտություն են արել, ու պարզվել է, որ նա կորոնավիրուսով հիվանդ է։

«Հոկտեմբերի 18-ին մեզ տեղեկացրին, որ մեր մայրիկի մոտ պատասխանը դրական է եկել, և իրեն տեղափոխում են կովիդ կենտրոն։ Ամսի 18-ից էդ մարդը շնչահեղձ է եղել, բրիգադ են ուզել, Մասիվի հիվանդանոցը լայաղ չի արել, թե տեղ չեն ունեցել, թե ինչ, չգիտեմ, չեն ուղարկել բրիգադ, էդ մարդը էդ օրը էդպես  մնացել է, էս հիվանդանոցում էլ էդ սարքավորումները չունեն, որ շունչ տան։ Մեզ ասացին՝ հեսա մի ժամից, կես ժամից բրիգադը կգա, բայց ամսի 18-ին էդպես էլ չեկավ։ Հաջորդ օրը ես առավոտյան գնացել եմ հիվանդանոց, կռվել, որ եթե դուք բրիգադ չունեք, մենք ավտո բերենք, մեր հարազատին տանենք, նոր կռվից հետո բրիգադը եկավ, ժամը 15։30-ին  մեր մայրիկին տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, ծայրահեղ շնչառական խնդրով, բարձր ճնշումով, ցածր սատուրացիայով»,- պատմեց նա՝ հավելելով, որ իրենց չի թույլատրվել հիվանդանոցում մնալ, միայն հեռախոսահամար է փոխանցվել, որ ընթացքում կարողանան զանգել, իրենց հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանան։

«Հեռախոսահամարը զանգերին չէր պատասխանում, ծանոթ բուժքույր ենք գտնում, զանգում իրեն, որ մեզ տեղեկություն տա։ Գնում է՝ տեսնում ճնշումը կարգավորվել է, սատուրացիան բարձրացել է, մենք իր ձայնը լսում էինք, հետո մի անգամ էլ գիշերը՝ 12։20-ին զանգեցինք, ասացին՝ նույն վիճակն է։ Առավոտ ժամը 09։15 զանգում են սկսեսրայրիս ու տեղեկացնում, որ մահացել է Ձեր հիվանդը»,- պատմեց Սիրանուշը։

Համավարակով պայմանավորված՝ տիկնոջ դին տեղափոխվել է Աբովյան քաղաքի դիահերձարան։

«Սկեսուրս մահացել էր ամսի 20-ին, իրենք ասացին, որ դիակը չեն տա, հոգեհանգիստը կազմակերպենք առանց դրա, հաջորդ օրը միանգամից կգաք, դիակը կճանաչեք ու փակ դագաղով կտանեք՝ կթաղեք»,- նշեց նա։

Հետևելով բոլոր ցուցումներին, հոկտեմբերի 22-ին ընտանիքը գնացել է դիահերձարան, որ դիակի ճանաչում անի  ու տանեն՝ հուղարկավորեն, բայց դին իրենց հարազատինը չի եղել։

«Քանի որ սկեսուրս վիրահատված էր, կրծքին սպի ուներ, սկեսրայրս ասել է՝ բացեք, տեսնեմ սպին կա, բայց տեսել են, որ էդ կնոջ կրծքին ոչ մի սպի չի եղել։ Թե ի՞նչ են արել մեր դին՝ չգիտեմ, բարձիթողի վիճակ է»,- ասաց Սիրանուշը։

Ընտանիքը դիմել է Առողջապահության նախարարություն, Ոստիկանություն, բայց դեռ չեն գտել իրենց հարազատի դին։ Սիրանուշի խոսքով՝ ամուսինը անգամ գտել է այն մարդկանց, ում հարազատները այս օրերին են մահացել, որպեսզի պարզեն իրավիճակը։

«Ասել է՝ կարող է դուք մեր հարազատի դին եք տարել, ձերն էստեղ է, չի կարող դիակը կորի, Մասիվի հիվանդանոցը դին բրիգադով ուղարկել է էս մորգ, բայց չկա, կարող է՝ դուք իմ հարազատի դին եք տարել, ձերն էստեղ է, հո ես էլ Ձերը չե՞մ տանի։ Էդպես մեր ընտանիքի անդամներից շատերը մտել են, մեկ է՝ չեն գտել»,- պատմեց Սիրանուշը։

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցով զբաղվում է Ոստիկանությունը, ակ; տեղեկություն չունի։

«Նախարարությունը դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել Ոստիկանությանը։ Այս պահին դատաբժշկական կենտրոնը զբաղված է այդ աշխատանքներով»,- փոխանցեց նա։