Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը:

Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։

«Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի  իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»,-նշում է ՄԻՊ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։