Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կոչ անելով արտաքին կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելում հեռախոսազրույցի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկու ղեկավարները նաեւ գնահատել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը: Նրանք կոչ են արել կողմերին անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանց կոչ են անում բոլոր անձանց, ներառյալ՝ արտաքին կողմերին, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել ռիսկը տարածաշրջանում»,-նշված է հայտարարության մեջ:

Արտաքին կողմ ասելով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նկատի ունեն Թուրքիային, որը, ինչպես հոկտեմբերի 2-ին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղափոխել էր ավելի քան 300 իսլամիստ Սիրիայից դեպի Ղարաբաղում հակամարտության գոտի: Այնուհետեւ Բրյուսելը կոչ էր արել Անկարային չմիջամտել հակամարտությանն ու նպաստել դրա խաղաղ կարգավորմանը: