Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն Արցախի հակամարտության գոտու լարվածության, ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերաբերյալ հանդես է եկել կոչով։

 «Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք արդեն որակել ենք այս պատերազմն իբրեւ հայրենական պատերազմ։ Հետեւաբար, այս հայրենական պատերազմին ամեն մեկս մեր անելիքն ունենք՝ զենքով, խոսքով, գործով. ամեն մեկս մեր տեղում՝ մեր դիրքի վրա։ Ուստի՝ այսօր յուրաքանչյուրս զինվոր ենք, որովհետեւ այս թշնամին խտրականություն չի դնում մեզանից որեւէ մեկի նկատմամբ։ Թշնամու համար մեկ է՝ իր դիմաց նորածին է, թե ծերունի, հաշմանդամ է, թե առողջ մարդ, հոգեւորական է, թե քաղաքացիական, քնած է, թե արթուն. նա հարձակվում է ամեն մեկի վրա, ով համարձակվել է հայ ծնվել, հայ լինել եւ հայ մնալ։ Չի կարող որեւէ հայ որեւէ անկյունում աշխարհի մտածել, թե այս պատերազմն իրենը չի։ Յուրաքանչյուրս պետք է լինենք զինվոր մեր տեղում, եթե անհրաժեշտ է նաեւ ռազմաճակատում»,- ասաց նա։

Միքայել Սրբազանն այս պատերազմում հաղթանակի հասնելու համար առանձնացրեց երեք կարեւոր հանգամանք.

«Առաջինը՝ հզոր բանակ, ունենք հզոր բանակ, որն ավելի պիտի հզորանա, որովհետեւ յուրաքանչյուր ընկած հայորդու արյան գինը պետք է մեզ կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության։

Երկրորդը՝ պետք է ունենանք ամուր թիկունք, այն մարդիկ, որոնք անհրաժեշտ են թիկունքում եւ անհրաժեշտ գործ են կատարում, պետք է մնան եւ ազգ-բանակ հասկացողությամբ, զինվորի նման կատարեն իրենց պարտականությունները։ Ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում պետք է լինի անվերապահ հնազանդություն՝ եկած հրահանգներին։ Ամեն մեկս մեր տեղում պետք է անենք այն, ինչը պարտավոր ենք անելու, որպեսզի կայանա ազգ-բանակը։ Մեր ամուր թիկունքը սկսվում է Լոս-Անջելոսից եւ ավարտվում Սիդնեյում։

Երրորդը՝ անհրաժեշտ է բացարձակ համերաշխություն, բացարձակ միաբանություն։ Բոլոր տեսակի այլազան մտածումները պետք է մի կողմ դնել։ Պետք է մտածել մեկ նպատակի շուրջ, որի անունն է հաղթանակ։ Ուրեմն՝ ի զեն, փառքը Աստծուն, կեցցե մեր ժողովուրդը, մեր բանակը, մեր զինվորները, մեր մայրերը, որոնք առյուծ զավակներ են ծնում եւ խունկ ու աղոթք զոհվածների հիշատակին. Ամեն»։