Հոկտեմբերի 23-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին իրազեկել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության եւ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների զանգվածային թիրախավորման մասին:

Արտգործնախարարը խիստ մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության կապակցությամբ, որով ձգտում է տարածաշրջանը վերածել անկայունության նոր օջախի՝ օգտագործելով Ադրբեջանը որպես հենակետ: Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը եւ մերձավորարեւելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միջազգային մանդատով օժտված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: