ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն միացել է իր գործընկերներին և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյանի նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակից:

«Ադրբեջանի չհրահրված հարձակումն Արցախի Հանրապետության վրա, զուգորդվել է բնակավայարերի շարունակական հրթիռակոծմամբ և կասետային զինաթերքի կիրառմամբ, որոնք մեծացնում են քաղաքացիական անձանց շրջանում զոհերի հնարավորությունը: Այս տակտիկան խախտում է մարդու իրավունքները, և Ադրբեջանի պաշտոնական դեմքերը պետք է պատասխանատվության ենթարկվեն Արցախի խաղաղ բնակիչների դեմ ձեռնարկած գործողությունների համար»,- նշել է Աննա Էշուն: 

Կոնգրեսմենը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ «Մագնիտսկու օրենքը» Միացյալ Նահանգների նախագահին լիազորում է պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ:  

«Ես միանում եմ Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերների նամակին՝ ուղղված պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին, որով կոչ է արվում Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ սահմանել հրեշավոր հարձակումներին մեղսակից ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ»,- գրել է Էշուն: