Facebook-ի եւ Twitter-ի ղեկավարներ Մարկ Ցուկերբերգը եւ Ջեք Դորսին հաջորդ ամիս Սենատում ցուցմունք կտան` սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահի թեկնածուի որդու` Հանթեր Բայդենի մասին հոդվածի արգելափակման հետ կապված, հայտարարել է Սենատի` դատական ​​համակարգի հարցերով հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեմը, փոխանցում է Fox News-ը:

«Լսումները կենտրոնացած կլինեն հարթակի գրաքննության եւ New York Post-ի հոդվածների ճնշման վրա եւ արժեքավոր հնարավորություն կստեղծեն վերլուծել ընկերությունների` 2020 թվականի ընտրություններին նախապատրաստման հետ կապված աշխատանքը»,- նշվում է Գրեմի հայտարարության մեջ:
Լսումները տեղի կունենան երեքշաբթի` նոյեմբերի 17-ին, հայտնել են հանձնաժողովում:

Դորսին ցուցմունք կտա հեռավար կարգով: Facebook-ի մամուլի ծառայությունը եւս հաստատել է, որ Մարկ Ցուկերբերգը ցուցմունք կտա:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին բուռն քննադատություն էր հնչեցվել վերոնշյալ սոցցանցերի հասցեին այն քայլերի արդյունքում, որոնք ձեռնարկվել էին New York Post-ի` Հանթեր Բայդենի էլեկտրոնային փոստի վերաբերյալ զեկույցի տարածման ձգձգման կապակցությամբ, որում նշվում է Չինաստանի եւ Ուկրաինայի հետ վերջինիս անօրինական գործարքների մասին: