Ուրբաթ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի նոր հակառեկորդ է արձանագրվել. վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 84.218 նոր դեպք, հայտնում է Reuters-ը:

Նախորդ հակառեկորդը գրանցվել էր հուլիսի 16-ին. այն ժամանակ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն օրական 77.299 էր կազմել, COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների թիվը գերազանցում էր 47.000-ը, իսկ երկու շաբաթ անց մահվան դեպքերի թիվը հասել էր օրական 1200-ի: Այժմ կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների թիվը գերազանցում է 41.000-ը, իսկ մահվան դեպքերի օրական թիվը մոտ 800 է:

Փորձագետները այսպիսի աճի պատճառները չեն նշում, սակայն նրանք արդեն վաղուց էին նախազգուշացնում, որ ցուրտ եղանակը, որը մարդկանց ստիպում է ավելի շատ ժամանակ անցկացնել փակ տարածքներում, հակակորոնավիրուսային միջոցառումներին հետեւելու անհրաժեշտության հետ կապված հոգնածությունը եւ ուսանողների վերադարձը դպրոցներ եւ համալսարաններ կարող են COVID-19-ի հետագա տարածման հանգեցնել:

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակման եւ հիվանդության հետեւանքով մահվան դեպքերի թվով: Երկրում գրանցվել է վարակման շուրջ 8.5 միլիոն ընդհանուր դեպք: Ընդ որում, 224.000 մարդ արդեն COVID-19-ի զոհ է դարձել: