Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նախագահական ընտրությունները հանրապետությունում նշանակել է 2021 թվականի հունվարի 10-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

«ԿԸՀ որոշմամբ` նախագահական ընտրությունները նշանակվել են հունվարի 10-ին»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ղրղզստանում հոկտեմբերի 5-ին զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Ցուցարարների եւ ուժայինների բախումներից հետո խորհրդարան չանցած ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները գրավեցին խորհրդարանի շենքը, որտեղ տեղակայված է նախագահի աշխատակազմը: Բախումների արդյունքում վիրավորվեց ավելի քան 1.2 հազար մարդ, զոհվեց մի մարդ: Ղրղըզստանի վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական տվեց: Նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, ամբողջ ընթացքում գտնվում էր Բիշքեկում եւ վերահսկում էր իրավիճակը: Բողոքի ցույցերի ֆոնին Ղրղըզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները:

Բիշքեկում անկարգությունները վերսկսվեցին հոկտեմբերի 9-ին: Կենտրոնական հրապարակում վարչապետ Սադիր Ժապարովի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախում տեղի ունեցավ: Տուժեց յոթ մարդ: Հոկտեմբերի 15-ին Ժեենբեկովի կամավոր հրաժարականից հետո իրավիճակը հանրապետությունում կայունացավ: Բողոքներն ավարտվեցին: Երկրի ղեկավարի լիազորություններն անցան վարչապետ Սադիր Ժապարովին: