Սեպտեմբերի 27-ից ի վեր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ եւ առնվազն 118 քաղաքացիական վիրավոր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Վիրավորներից մեկը հենց այս գիշեր է արձանագրվել Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետեւանքով»,-ասաց նա:

Բեգլարյանը հավելեց, որ հաշվի առնելով Հադրութում երկու քաղաքացիական անձանց սպանության տեսանյութը, որը տարածվել էր ադրբեջանական սոցիալական ցանցերում, ռիսկը մեծ է, որ կարող են այլ նման դեպքեր էլ լինել, քանի որ անհետ կորած քաղաքացիական անձինք կան տվյալ բնակավայրերից:

«Հաշվի առնելով այն ձեռագիրը, որը կիրառվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, վտանգը մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների»,-ընդգծեց նա: